...

Վիրտուալ «քյաբաբ առ քյաբաբ»-ից՝ վիրտուալ «խաղաղության օրակարգ»

Վիրտուալ «քյաբաբ առ քյաբաբ»-ից՝ վիրտուալ «խաղաղության օրակարգ»

Ներքաղաքական կյանքում պոպուլիզմը, իհարկե, շատ հզոր զենք է, բայց արտաքին քաղաքականության, առավել ևս՝ անվտանգության հարցերում այդ զենքը չի աշխատում։ Պատճառը շատ պարզ է՝ այդ ոլորտի դերակատարները, որպես կանոն, խելացի մարդիկ են, և նրանց ականջներից լապշա կախելու փորձերն անիմաստ են։ Այլ հարց է, որ սեփական ժողովրդին կարելի է հիմարացնել նաև արտաքին-քաղաքական ու անվտանգության թեմատիկայով՝ կիրառելով սոցիալ-կենցաղային պոպուլիզմի հնարքները։

Նիկոլ Փաշինյանն իր «խաղաղության օրակարգով» հենց դա էլ անում է՝ օգտվելով այն հանրահայտ իրողությունից, որ «հասարակ ժողովրդի» մեծամասնությունը, որպես կանոն, իրեն տրված ցանկացած խոստում գնահատում է ոչ թե դրա՝ իրատեսական կամ ֆանտաստիկ լինելու տեսանկյունից, այլ ընկալում է էմոցիոնալ հարթությունում՝ «ջոգի՞ք ինչ լավ բան ասեց»։ 2018-ի ապրիլին, օրինակ, երբ Նիկոլը Հանրապետության հրապարակում ծղրտում էր, թե Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա, որևէ մեկն ինքն իրեն չէր հարցնում՝ բայց ինքն իսկապե՞ս վարչապետ է, կամ երբ խոստանում էր «թալանը կոպեկ-կոպեկ վերադարձնել ժողովրդին», որևէ մեկն ինքն իրեն չէր հարցնում՝ գործնականում դա հնարավո՞ր է, թե՞ ոչ։ Ինքնամոռաց գոռում էին «այո՜», և վերջ։

Սոցիալ-կենցաղային պոպուլիզմը կարճ ժամանակ անց իրեն սպառեց, որովհետև «այո՜» գոռացողներից շատերը հանկարծ տեսան, որ հեծանիվով աշխատանքի գնացող «ժողվարչապետի» կառավարական կորտեժը նախորդինից երկար է, թիկնազորը՝ ավելի մեծ ու ագրեսիվ, անգամ ընտանիքի անդամների գլխներին «զոնտիկ պահողների» հաստիք կա, իսկ իրենք շարունակում են մնալ «տուգանքի մատերիալ»։ Բայց կարևորն ականջների առկայությունն է, լապշայի տեսակը միշտ էլ կարելի է փոխել, դրա համար էլ սոցիալ-կենցաղայինին փոխարինելու եկավ արտաքին-քաղաքական կամ անվտանգության պոպուլիզմը՝ «խաղաղության դարաշրջան» ընդհանուր վերնագրով։ 

Համաձայնվեք՝ կիրառման մեթոդաբանության առումով մեծ տարբերություն չկա «ոչ մի մուկ և ոչ մի ձուկ չի պլստալու, թալանը կոպեկ-կոպեկ վերադարձնելու ենք ժողովրդին» և «Հայաստանը տարածաշրջանում դիրքավորվելու է որպես հարևան և գործընկեր, արցախահայության իրավունքներն ու անվտանգությունը պատվիրակելու ենք միջազգային հանրությանը, ճանապարհները բացվելու են, խաղաղության դարաշրջանը հաստատվելու է, և բոլորս ապրելու ենք երջանիկ ու անվտանգ երկրում» խոստումների միջև։ Երկուսն էլ գեղեցիկ են հնչում, երկուսն էլ մարդկանց դուր են գալիս («ջոգի՞ք ինչ լավ բան ա ասում»), երկուսն էլ օգնում են տվյալ պահին իշխանությունը վերցնելուն (պահպանելուն), բայց երկուսն էլ գործնականում անհնար են։ Ավելին՝ անգամ ձախողման պատճառաբանություններն են մոտավորապես նույնը լինելու։ Եթե «ոչ մի մուկ և ոչ մի ձուկ չի պլստալու, թալանը կոպեկ-կոպեկ վերադարձնելու ենք ժողովրդին»-ի դեպքում ձախողման մեղավորը «նախկիններից մնացած վնգստացող դատավորներն» էին ու «միջազգային բարդ ընթացակարգերը», խաղաղության դարաշրջանի ձախողման և Արցախի վերջնական կորստի մեղավորներ են հռչակվելու (արդեն հռչակվում են) բոլոր նախկինները՝ որոնք իբր վաղուց ամեն ինչ հանձնել էին, և միջազգային նորմերը, որոնք իբր ստիպում են հրաժարվել Արցախը հայկական պահելու հեռանկարից, թույլ տալ, որ ադրբեջանցիները վերադառնան Հայաստան, պարտադրում են ահռելի ռեպարացիաներ վճարել Ադրբեջանին, և այլն։

Իսկ սրա դեմ պայքարելու ձևը միակն է՝ ցանկացած խոստում կամ «տեսլական» ընկալել ոչ թե էմոցիոնալ հարթությունում՝ «ջոգի՞ք ինչ լավ բան ա ասում» տրամաբանությամբ, այլ գնահատել դրա՝ իրատեսական կամ անհնար լինելու տեսանկյունից, և այդպիսով կանխել կործանարար ընթացքը։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   822 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ