...

Վիճում են, թե ում վաճառեն Հայաստանի ինքնիշխանությունը

Վիճում են, թե ում վաճառեն Հայաստանի ինքնիշխանությունը

Ընդդիմությունը Երևանի կենտրոնում Արցախ է փրկում։ Այն Արցախը, որի 75 տոկոսը Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով հանձնվել է Ադրբեջանին, 25 տոկոսը՝ Ռուսաստանին։ Ընդդիմությունը փաստորեն փորձում է այդ 25 տոկոսը փրկել։ Ի դեպ՝ Նիկոլ Փաշինյանը նույնպես (համենայն դեպս նա այդպես է ներկայացնում)։ Իսկ թե ինչու են երկու ճամբարի բաժանված «փրկիչները» Երևանում իրար կոկորդ կրծում՝ հասկանալի է։ Այդ 25 տոկոսը փրկելն իր գինն ունի, և այդ գինը Հայաստանի ինքնիշխանությունն է։ Մեծ հաշվով, ներքաղաքական պայքարի բովանդակությունը հենց դա է՝ ո՞ւմ հանձնել Հայաստանի ինքնիշխանությունը։ Ընդդիմությունն ուզում է հանձնել Ռուսաստանին՝ հույս ունենալով, որ Կրեմլում կգնահատեն դա ու Արցախից մնացած 25 տոկոսը հայկական կպահեն, իսկ Նիկոլ Փաշինյանն ուզում է հանձնել Արևմուտքին՝ հույս ունենալով, որ այդպիսով Հայաստանը վերջապես կազատագրվի ռուսական 200-ամյա լծից, իսկ ռուսներին տարածաշրջանից դուրս մղելու դիմաց երախտապարտ Արևմուտքը կզսպի Թուրքիային, ու Ադրբեջանին էլ կստիպի հարգել արցախահայության իրավունքները։

Այնպես որ՝ միմյանց «դավաճան» անվանելը տեղին չէ։ Ներքաղաքական առճակատումն ընդամենը Հայաստանն ավելի հարմար գներով կամ ավելի հուսալի գնորդի վաճառելու թեմայով է։ Իհարկե՝ «միջնորդավճարի» հարց նույնպես կա (իշխանության տեսքով), բայց դա, մեծ հաշվով, երկրորդական է։ Ի վերջո ակնհայտ է, որ իշխանության հարցը Երևանի փողոցներում չի որոշվելու, որովհետև եթե անգամ ինչ-որ պահի «դիմադրության շարժումն» այնքան հզորանա, որ Նիկոլ Փաշինյանն այլևս ի վիճակի չլինի որևէ բան վերահսկել, նա իշխանությունը հանձնելու հարցով ոչ թե շարժման լիդերների հետ է բանակցություններ սկսելու, այլ Պուտինի հետ։ Գնալու է Մոսկվա ու կոտրատված ռուսերենով մեղա է գալու՝ «վերջ, համոզեցիր, հանձնվում եմ, ուզում ես՝ Հայաստանը Պրիդնեստրովիե դարձրու, ուզում ես՝ Աբխազիա, ի՞նչ թղթեր են պետք, բեր ստորագրեմ»։ Ու դրանից հետո այնտեղ են որոշելու՝ թույլ տա՞ն, որ նա պահպանի իշխանությունը «նոր Պրիդնեստրովիեում», թե՞ այնուամենայնիվ ավելի հուսալի գուբերնատոր նշանակեն։

Ամեն դեպքում՝ Հայաստանի ինքնիշխանությունը վաճառքի հանած կողմերից որի՞ հաղթանակի շանսերն են նախընտրելի, կամ ավելի ճիշտ՝ պոտենցիալ գնորդներից որի՞ շանսերն են ավելի մեծ։ Ակնհայտորեն՝ Ռուսաստանի։ Հայաստանի համար գրեթե անհնար կլինի գնալ Վրաստանի ճանապարհով, որովհետև նախ՝ Վրաստանն ինչքան կորցնելու բան ուներ, արդեն կորցրել է, իսկ մենք դեռ կորցնելու բաներ ունենք, երկրորդ՝ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից ահռելի է բոլոր ոլորտներում, այդ թվում՝ հոգեբանական, երրորդ՝ անհնար է Հայաստանի որևէ քաղաքում պատկերացնել այնպիսի արձան, ինչպիսին Բաթումում է՝ թուրք և վրացի ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող «Ալին ու Նինոն», որտեղ Ալին 3 րոպեն մեկ մտնում է Նինոյի մեջ ու մյուս կողմով դուրս գալիս։ Իսկ եթե Ռուսաստանի շանսերն օբյեկտիվորեն ավելի մեծ են, նշանակում է՝ «ներքաղաքական պայքար» կոչվող այս թամաշայում Նիկոլ Փաշինյանն իշխանությունը պահպանելու շանսեր գրեթե չունի։ Ինքնակամ կհանձնվի, թե նոր պատուհասներ կբերի Հայաստանի գլխին՝ այլ հարց է։ 

Այդ պատուհասների վտանգն, ի դեպ, շատ առարկայական է։ Հիշո՞ւմ եք Պուտինի խոսքերը Ռուսաստանին սպառնացող վտանգների և միջուկային զենքի կիրառման հնարավորության մասին։ Նա բառացիորեն հայտարարեց՝ իսկ ո՞ւմ է պետք աշխարհը, եթե այնտեղ Ռուսաստան չի լինելու։ Կարող է, չէ՞, ինչ-որ պահի էլ հայտարարել՝ իսկ ո՞ւմ է պետք Հայաստանը, եթե այն Ռուսաստանի ֆորպոստը չի լինելու։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3340 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ