...

Վիզաների ազատականացման գինը, նպատակներն ու ժամկետները

Վիզաների ազատականացման գինը, նպատակներն ու ժամկետները

Եվ այսպես, Եվրամիությունը երկար նազուտուզից հետո վերջապես համաձայնվեց վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսել Հայաստանի հետ, ու դա մեզանում մեծ ոգևորություն առաջացրեց։ Ըստ երևույթին գործընթացի բուն նպատակը հենց այդ ոգևորությունն էր, որովհետև եվրոպացիները, վստահաբար, ծանոթ են հայկական մենթալիտետի այն դրսևորմանը, որի քաղաքակիրթ ձևակերպումը հնչում է մոտավորապես այսպես․ ով հեռվից ինչ-որ վարունգանման գոյացություն է ցույց տալիս, սրանք աղն առած՝ վազում են «ինտեգրվելու»։

Ուշադրություն դարձրեք՝ Եվրամիությունը չի էլ թաքցնում, որ «Ո՛հ, փշոտ է ճանապարհը վիզաների ազատականացման» ու բավականին երկար է տևելու, ընդ որում՝ առանց երաշխավորված արդյունքի։ Բայց նրանց համար կարևորը հենց ճանապարհն է, և ոչ թե արդյունքը, որովհետև այդ ճանապարհին Հայաստանի առջև բազմաթիվ պահանջներ կդրվեն, իշխանություններն էլ հաճույքով կկատարեն դրանք՝ «Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներին» բացատրելով, որ այդ պահանջները կատարում են, որպեսզի պայմանական Պողոսը կարողանա առանց դեսպանատների դռներն ընկնելու տեսնել Էյֆելը կամ Սագրադա Ֆամիլիան։ 

Իրականում բոլոր նրանք, ովքեր ի վիճակի են հանգստանալ Բադեն-Բադենում կամ սուրճ խմել Մոնմարտրում, վաղուց արդեն մուլտի-վիզաներ ունեն, իսկ ովքեր ի վիճակի չեն՝ Մոնմարտրի սրճարանների հայտնի կաֆե-կրեմի փոխարեն վայելելու են փախստականների ճամբարներում մեծահոգաբար հրամցվող ֆիլտրած սուրճը, բայց հոգ չէ, որովհետև դա էլ է տեղավորվում Նիկոլ Փաշինյանի գովազդած «երջանիկ ապրելու» կոնցեպտի շրջանակներում։ Եվ ընդհանրապես՝ եթե Արևմուտքը նպատակ ունի Հարավային Կովկասը դարձնել «միասնական անվտանգային տարածք», ապա ինչքան քիչ հայ ապրի Հայաստանում՝ այնքան լավ, իսկ եթե ընդհանրապես չապրի՝ ավելի՛ լավ․ չկա Հայաստան՝ չկա պրոբլեմ։ Ի վերջո՝ ո՞վ է ասել, որ «Հայաստանն առանց հայերի» գաղափարը միայն ռուսների գլխում է ծնվել։

Այնպես որ՝ Եվրամիությունը հանուն «միասնական անվտանգային տարածք» կոչվող վեհ գաղափարի մեծ հաճույքով հենց վաղն էլ ՀՀ քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ կսահմաներ։ Պարզապես Ռուսաստանում մշտապես ապրող համարյա մեկ միլիոն մարդ ՀՀ անձնագիր ունի, ու հայտնի չէ, թե նրանցից «ով ինչ է շնչում», հո բոլորին անարգել չե՞ն թողնելու Եվրոպա։ Այ այդ հարցը կլուծեն, հետո կերևա։ Դրա համար էլ գործընթացը կձգձգվի, ու «էս խմորը դեռ շատ ջուր կքաշի»։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2045 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ