...

Վզիկը, տոտիկը, մանդատիկը․․․

Վզիկը, տոտիկը, մանդատիկը․․․

ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը նեղսրտել է, որ բազմաթիվ քաղաքական ուժեր իշխանություններին թողած՝ երկրորդ ու երրորդ նախագահներին (այսինքն՝ խորհրդարանական ընդդիմությանն) են քննադատում, փոխանակ ուժերի կենտրոնացումով հեռացնեն չարիքի իշխանությունը։ Նույն կուսակցության մեկ այլ նախկին պատգամավոր էլ հայտարարում է, թե իրենցից մանդատները վայր դնել պահանջողները կամ տգետ են, կամ ՔՊ-ից են ֆինանսավորվում։

Առաջին հայացքից՝ ամեն ինչ կարծես թե ճիշտ է, բայց՝ միայն էմոցիոնալ տիրույթում։ Եթե ֆուտբոլային թիմը խաղի ընթացքում պարտվում է, ընդ որում՝ ջախջախիչ հաշվով, կարելի է, իհարկե, վիրավորական վանկարկումներ անել մրցակից թիմի հասցեին կամ կասկածի տակ դնել մրցավարի սեռական կողմնորոշումը, բայց դա հազիվ թե ազդի յուրային թիմի խաղի որակի վրա։ Հաղթանակների հասնելու համար պետք է առաջին հերթին սեփական թի՛մը կարգի բերել․ օրինակ՝ «ռադ անել» գլխավոր մարզչին, թիմի կազմում փոփոխություններ անել, փոխել խաղային տակտիկան, և այլն։ Ու ամենևին տեղին չէ, որ անընդհատ ջախջախիչ հաշվով պարտվող թիմի խաղացողները «մուննաթ գան» երկրպագուների վրա, թե «ինչի՞ եք մեզ շվցընում, արա՛, մեզ բալետ արեք-իրա՛նց շվցըրեք, ով էլ պահանջի, որ մեզ զամեն անեն՝ էն բանից ա»։

Հիմա այս իրավիճակը պրոյեկտենք ներքաղաքական դաշտի վրա։ Իհարկե ի դեմս Նիկոլ Փաշինյանի գործ ունենք չարիքի իշխանության հետ, բայց ինչո՞ւ է նա համարձակվում չարիք չարիքի ետևից գործել՝ առանց վախենալու, որ կպատժվի։ Որովհետև այս «տիտղոսակիր ընդդիմությունից» վախենալու բան չունի։ Ամեն մեկի վրա մի քանի տոննա կոմպրոմատ ունի, նրանց նկատմամբ հասարակության վերաբերմունքի մասին էլ շատ լավ տեղյակ է։ Լիներ այլ որակի ընդդիմություն՝ Նիկոլ Փաշինյանը վաղուց կամ իշխանություն չէր լինի, կամ ամեն անգամ մեր պետական շահերը ոտնահարող ու նվաստացուցիչ քայլից առաջ երկար-բարակ կմտածեր՝ արժե՞ անել, թե՞ իշխանությունը կորցնելու վտանգ կա։

Չստացվե՞ց, որ նիկոլական իշխանությունների այս պատուհաս-քաղաքականության հիմնական պատճառներից մեկն էլ ընդդիմության որակն է։ Ուրեմն ի՞նչ տարօրինակ բան կա նրանում, որ և՛ հասարակության մի վիթխարի հատված, և՛ բազմաթիվ քաղաքական ուժեր փորձում են «տրանսֆորմացիաներ իրականացնել» ներքաղաքական դաշտում և ձևավորել նոր որակի ընդդիմություն։ Ընդ որում՝ այնպես չէ, որ դա հեշտությամբ է արվելու։ Դա շատ բարդ գործ է, որովհետև կատաղորեն դիմադրելու են և՛ ՔՊ-ական իշխանությունները, և՛ «տիտղոսակիր ընդդիմությունը»։

Բայց ուրիշ ճանապարհ չկա։ Կստացվի՝ շատ լավ, չի ստացվի՝ կշարունակենք ունենալ այն, ինչ ունենք․ իշխանություններն ինչ ուզեն՝ կանեն, ընդդիմությունն ինչ ուզի՝ կխոսի, երկիրն էլ կգլորվի այն ուղղությամբ, դեպի ուր գլորվում է արդեն 4 տարի, ու վերջը չի երևում։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   384 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ