...

Խայտառակ խախտումներ՝ դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովի ընտրություններում

Խայտառակ խախտումներ՝ դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովի ընտրություններում

Ձեռքդ կարող էիր քվեատուփը մտցնել

Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի ընտրությունները խայտառակ խախտումներով են անցել:

Նոր Հայաստանում դատական համակարգում դեռ հին մեթոդներով են ընտրություն անցկացնում. նախկինների գործելաոճին բախվել է փաստաբան Արտաշես Խալաթյանը:

Վերջերս կայացած դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերով հանձնաժողովի ոչ դատավոր թեկնածուի կարգավիճակում Իրավաբանների հայկական ասոցիացիան առաջադրել է նրա թեկնածությունը:

Արտաշես Խալաթյանի խոսքով, սակայն, ընտրությունները կեղծումներով են անցել: Այդ արդյունքներով նա հետ է մնացել մրցակցից: Իսկ վերահաշվարկի ժամանակ խայտառակ խախտումներ են արձանագրել:

«Քվեատուփի կափարիչը պատշաճորեն փակված չի եղել, որևէ երաշխիք չկար, որ չի կարող արտաքին միջամտություն տեղի ունենալ և քվեատուփը չէր բացվի: Քվեատուփը կիսաբաց էր, և կարելի էր հանգիստ ձեռքը մտցնել ներս՝ քվեաթերթիկները խառնել, հանել, նորը գցել: Դրանից բացի, քվեատուփը նորմալ զմռսված չէր:

Սոսնձած սովորական թուղթ էր փակցված քվեատուփին, որի վրա ընդամենը հաշվիչ հանձնաժողովի անդամների ստորագրություններն էին, չկար կնիք: Եվ ավելին՝ իմ ներկայացուցիչը փորձարարության կարգով այդ թուղթը պոկեց, հանեց քվեատուփի կափարիչը և նորից հետ կպցրեց, այսինքն՝ ակնհայտ է, որ այդ պրոցեսը չէր կարող վերահսկելի լինել, և թուղթը պոկել-հանելով՝ կարելի էր քվեատուփի կափարիչը հանել և քվեաթերթիկները փոխել:

Իսկ եթե քվեատուփը կապարակնքված լիներ, անհնար կլիներ, առանց վնասման և հետքեր թողնելու, բացել՝ այս դեպքում նման ռիսկը փարատված չէր: Դա անգամ չհերքեց 5 դատավորից կազմված հաշվիչ հանձնաժողովի անդամներից առնվազն մեկը: Եվս մեկ խախտում նկատեմ. քվեարկության նշանի նմուշը վեաձև էր հաստատվել, բայց մենք 8 քվեաթերթիկ ենք հայտնաբերել, որտեղ կատարվել էր ոչ վեաձև նմուշի նշան: Մեր միջնորդությունն այս մասով մերժեցին: Կար պատռված քվեաթերթիկ, որն անվավեր չճանաչեցին»,- «ՉԻ»-ի հետ զրույցում պատմեց Խալաթյանը:

Թեկնածուն նաև հայտնաբերել է, որ քվեաթերթիկները չեն ունեցել ո՛չ հերթական համար, ո՛չ կնիք, ո՛չ ստորագրություն, այսինքն՝ քվեաթերթիկները որպես հատուկ հաշվառման փաստաթուղթ տարբերակիչ հատկանիշ չեն ունեցել, և հնարավոր չէր վերահսկել՝ քանի քվեաթերթիկ է տպագրվել և օգտագործվել ընտրական գործընթացում: Ըստ նրա՝ նույնիսկ անհնար էր որոշել, թե քվեաթերթիկները պատրաստվել են վերահաշվարկից անմիջապես առաջ, թե՝ ոչ: Տպավորություն էր, որ հարևան սենյակում կարելի էր տպիչով նման քվեաթերթիկներ պատրաստել: Սրանք միակ թերությունները չեն, որ Արտաշես Խալաթյանը նկատել է: Ցանկը շարունակում է.

«Ժողովին գրանցվել էր 190 դատավոր, սակայն, քվեարկել էին 194-ը, այսինքն՝ 4 դատավոր որևէ իրավունք չուներ քվեարկությանը մասնակցելու, քանի որ ժողովին ժամանակին չէին ներկայացել և գրանցվել: Դա նման է նրան, որ կարող ես ընտրատեղամաս մուտք գործել, որևէ գրանցում չանցնել, բայց քվեարկել: Քեզ որևէ կերպ չարձանագրեն, սակայն, քվեարկությանը մասնակցես: Ընդ որում, դատական դեպարտամենտի ղեկավարը չհերքեց այս փաստը և ասում է, որ իրենց բոլոր ժողովներն այս սկզբունքով են անցել, որ տեսականորեն կարող են ժողովին մասնակցել 190 դատավոր քվորումի չափով, բայց քվեարկությանը մասնակցեն մինչև 230 դատավոր՝ ամբողջ դատական կորպուսի չափով: Այսինքն՝ մարդիկ, չմասնակցելով ժողովին, մասնակցում են ժողովի մաս կազմող ընտրությանը, ինչը կոպտագույն խախտում է»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Արտաշես Խալաթյանը մատնանշեց, որ առկա է եղել նաև շահերի բախում, քանի որ Վճռաբեկ դատարանի դատավոր Հովակիմյանն առաջադրել է ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամ Գաբրիել Պետրոսյանի թեկնածությունը, միաժամանակ դատավորը նաև հաշվիչ հանձնաժողովի անդամ է եղել: Այսինքն՝ թեկնածուին առաջադրող անձը նաև հնարավորություն է ստացել հաշվել քվեաթերթիկները: Ինչը խոսում է այն մասին, որ նա ցանկություն ուներ ընտրված տեսնել իր թեկնածուին: Դատավորների ընդհանուր ժողովն անցել է դռնփակ, չի լուսաբանվել, չեն եղել նաև դիտորդներ:

«Անգամ Երվանդ Խունդկարյանի բրիֆինգն անհասկանալի պատճառներով չի կայացել: Հանրային վերահսկողություն չի եղել: Եվս մեկ խայտառակ խախտում կա, որն ընդհանրապես կարող է առ ոչինչ ճանաչել այդ ընտրությունները, որի մասին ես առայժմ չեմ խոսի: Կարծում եմ, որ այս իրավիճակը հարիր չէ թավշյա հեղափոխությունից հետո դատական համակարգի փոփոխությունների ընթացքին: Որդեգրած գաղափարախոսությանը, ռեֆորմներին նման երևույթները հակասում են»,- հավելեց փաստաբանը:

Դատական համակարգը հին ձևով է աշխատում

Ի մի բերելով կատարվածը՝ Արտաշես Խալաթյանը զարմացած է, որ հեղափոխությունից հետո դատական համակարգի կողմից կարող են կազմակերպվել նման ընտրություններ:

«Դատական համակարգի նշանակալի զանգվածը բարեխիղճ և պարկեշտ անձինք են, սակայն ինչ-որ սեգմենտ դատական համակարգի ներսում և դրսում կարողանում է հին, հոռի բարքերով ընտրություններ կազմակերպել: Եվ դատական համակարգի բարեխիղճ հատվածը, որը չի ցանկանում այս կանոններով պաշտոնավարել, ցավոք սրտի, պատշաճ աջակցություն չի ստանում»,- նշեց նա:

Արտաշես Խալաթյանը հեռու է այն մտքից, որ քաղաքական իշխանությունը որևէ կապ ունի այս ամենի հետ, հակառակը, իշխանությունն այսօր որևէ կերպ չի միջամտում դատական համակարգին: Սա մի կողմից լավ է, մյուս կողմից էլ՝ խնդիր է առաջացնում:

«Վարչապետն էլ ասաց, որ դատական համակարգի 20-30 տոկոսը ոչ բարեխիղճ հատվածն են կազմում: Պարզ է, որ այդ հատվածին վեթինգի չենթարկելու և դատական համակարգից չհեռացնելու պարագայում, չենք կարող դատական համակարգի ներսում ունենալ օրինական գործընթացներ: Եթե իշխանությունն այս հարցում ֆորմալ, ժողովրդավարական մեթոդներով է առաջնորդվում, կարծում եմ՝ ոչ բարեխիղճ հատվածը շարունակում է իր յուղով տապակվել և աշխատում է հին ձևով: Տեղի ունեցածը նաև իշխանության կողմից որևէ հատուկ միջոց չձեռնարկելու հետևանք է: Ամեն ինչ իներցիոն ճանապարհով է գնում: Դատական համակարգը, այո՛, որևէ կերպ կաշկանդված չէ քաղաքական իշխանության որոշումներով, բայց սա դեռ չի նշանակում, որ կաշկանդված չէ այլ գայթակղություններով: Մենք այստեղ ունենք իշխանության չափազանցության հասնող չմիջամտություն»,- ասաց նա:

Ապօրինությունների բախված փաստաբանն այնուամենայնիվ հույս ունի, որ բարեփոխումները կհասնեն նաև դատական համակարգ, և նման խայտառակ ընտրությունները պատմություն կդառնան:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   599 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ