...

Խուճապ և արկածախնդրություն

Խուճապ և արկածախնդրություն

Երրորդ համաշխարհային պատերազմն ըստ էության սկսված է, և Հայաստանն, այսպես ձևակերպենք, սպառել է դիվանագիտական ճանապարհով այդ պատերազմում ներքաշվելուց խուսափելու ռեսուրսները։ Տարբեր հարթակներում ընթացող բանակցությունների հետ մեծ հույսեր կապել չարժե․ այդ բանակցությունների ժամանակ Հայաստանին չեն հարցնում՝ «այսինչ բանը կզիջե՞ս, թե ոչ», հարցնում են՝ «ինքնակա՞մ կզիջես, թե՞ ուժով վերցնենք», ընդ որում՝ ոչ մի երաշխիք չկա, որ «ինքնակամ զիջելուց» անմիջապես հետո չեն փորձելու մնացածն ուժով վերցնել։ Չարժե հույս ունենալ նաև, որ եթե կարողանանք ճիշտ կողմնորոշվել և «ժողովրդավարության ու ավտորիտարիզմի միջև ընթացող» այս համաշխարհային պատերազմում կանգնենք հաղթողի կողքին՝ ամեն ինչ լավ է լինելու։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հաղթած կողմի հետ էինք, անգամ պաշտոնապես՝ Անտանտայի դաշնակից, և ի՞նչ։ Ունեցանք մեկուկես միլիոն զոհ ու կորցրեցինք հայկական կենսատարածքի մոտ 80 տոկոսը։ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ նույնպես հաղթած կողմում էինք, և ի՞նչ։ Տվեցինք 300 հազար զոհ ու ոչինչ չշահեցինք։ Կա՞ երաշխիք, որ նույնը չի կրկնվի, եթե անգամ հաղթող կողմի հետ լինենք։

«Բոլորը բոլորի դեմ» տոտալ պատերազմի հիմնական ցուցիչն այն է, որ պետությունների միջև փոխզսպման մեխանիզմները, որոնք տասնամյակներ շարունակ անխափան գործում էին, հիմա չեն գործում, «փչացել են»։ Թուրքիան ապահովում է ռուսական գազի արտահանումն ու միաժամանակ «Բայրաքթարներ» մատակարարում Ուկրաինային, Ադրբեջանը բացահայտորեն արհամարհում է Արևմուտքի «հորդորներն» ու միաժամանակ ագրեսիա իրականացնում ՀԱՊԿ անդամ պետության նկատմամբ, ու ոչ Արևմուտքը, ոչ Ռուսաստանն այդ երկրների վրա ազդելու իրական լծակներ չունեն կամ համարում են, որ հիմա դրա ժամանակը չէ։ Պարզ ասած՝ աշխարհում ընթանում են «մարտեր առանց կանոնների»։ 

Ի՞նչ պիտի անի Հայաստանն այս իրավիճակում։ Տարբեր հարթակներում բանակցելուն զուգահեռ՝ պիտի զինվի։ Հասկանալի է, որ ոչ Արևմուտքը լուրջ սպառազինություն կտա ՀԱՊԿ անդամ երկրին, ոչ Ռուսաստանը ժամանակակից սպառազինություն կտրամադրի ՀԱՊԿ-ից պոկվել պատրաստվող երկրին, բայց դրանից ոչ մեր վիճակն է փոխվում, ոչ մեր անելիքը։ Պիտի բառիս բուն իմաստով զինվել՝ ինչով և ինչպես հնարավոր է։ Ամենապարզ հրաձգային զենքից սկսած՝ մինչև միջուկային «կեղտոտ ռումբեր»։ Զինապարտության տարիքի բոլոր տղամարդիկ պիտի իրենց ամրակցված զենք ունենան և հստակ իմանան, թե պատերազմի դեպքում առաջնագծի որ հատվածում են կռվելու, իսկ առաջնագծում ու բնակավայրերի շուրջ պիտի խրամատներ փորվեն՝ տրակտորներով, բահերով, գդալներով․․․ Դա, իհարկե, հազիվ թե կանխի պատերազմը, բայց կօգնի նվազագույն կորուստներով դուրս գալ այդ պատերազմից։ Եվ «ԱԹՍ-ների դեմ ավտոմատներով ի՞նչ պիտի անենք»-ն էլ արդարացում չէ։ Տարածքները հետևակն է գրավում, իսկ հետևակին հրաձգային զենքով ապահովել հաստատ հնարավոր է։ «Թող մի անգամ մեր գլխի հետ իրենց բռունցքն էլ ցավի՝ տեսնեմ մյուս անգամ կխփե՞ն»։ 

Սա ոչ արկածախնդրություն է, ոչ խուճապ։ Խուճապն այն է, երբ «գլխիդ գալիքը» հասկանում ես, բայց ոչինչ չես ձեռնարկում, իսկ արկածախնդրությունն այն է, երբ հույսդ դնում ես ուժային բևեռներից որևէ մեկի «զսպման մեխանիզմներին», որոնք կամ կաշխատեն, կամ չեն աշխատի։ Այլ կերպ ասած՝ իրականում Նիկոլի խուճապահար իշխանությունն է երկիրը տանում դեպի հերթական արկածախնդրություն։ 

Երևի մտածում են՝ ոնց էլ լինի, կհասցնեն 1921-ի նման թռնել իրենց բաժին «հայդե Փարիզ»-ը, առավել ևս՝ որ թվային տեխնոլոգիաների դար է, ու ստիպված չեն լինի ոսկին սայլերով տանել դեպի Իրանի սահմանը․․․ 

Մարկ Նշանյան

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2014 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ