...

Ընդդիմության քարոզչական աջակցությունը Նիկոլ Փաշինյանին

Ընդդիմության քարոզչական աջակցությունը Նիկոլ Փաշինյանին

Եվ այսպես, ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դեկտեմբերի 2-ին արտահերթ նիստ է հրավիրել և հրապարակել հայտարարության տեքստը, որը մեր խորհրդարանը պիտի ընդունի՝ ի պատասխան նոյեմբերի 8-ին Ադրբեջանի խորհրդարանի տարածած հայտարարության, ՔՊ խմբակցությունն էլ որոշել է այս անգամ ոչ թե բոյկոտել, այլ մասնակցել այդ նիստին՝ նախապես տեղեկացնելով, որ հայտարարության մեջ կան և՛ ընդունելի կետեր, և՛ այնպիսի կետեր, «որոնց վրա պիտի աշխատել»։

Կարելի՞ է արդյոք սա անվանել իշխանությունների և ընդդիմության միջև համագործակցություն։ Հազիվ թե, որովհետև «համագործակցություն» արտահայտությունն ինքնին ենթադրում է գործ, իսկ ընդունվելիք կամ չընդունվելիք հայտարարությունն ընդամենը հայ-ադրբեջանական լեզվակռվի դրվագ է։ Որովհետև վերջին հաշվով՝ արտաքին քաղաքականությունն իրականացնում են պետության ղեկավարն ու արտգործնախարարությունը, իսկ խորհրդարանն ընդամենը իր տեսակետներն է ներկայացնում։ Ընդ որում՝ հայտարարության տեքստի մի քանի կետեր «չեն բռնում» Նիկոլ Փաշինյանի հրապարակային ելույթների ու իրականացվող քաղաքականության հետ։ Օրինակ՝ հայտարարության 6-րդ կետում գրված է, որ «Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում», իսկ Նիկոլ Փաշինյանն անընդհատ խոսում է «նշաձողն իջեցնելու» մասին, հայտարարության մեջ հիշատակվում է Հայաստանի Անկախության հռչակագիրը, իսկ Նիկոլ Փաշինյանը վերջերս խոսում էր «նոր հռչակագիր» ունենալու անհրաժեշտության մասին, և այլն։ Ինչևէ։

Ըստ երևույթին դրանք հենց այն կետերն են, որոնց վրա, ըստ ՔՊ-ի, «պետք է աշխատել», բայց արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի պատգամավորները, որոնք առանց «շեֆի» թույլտվության անգամ ԱԺ բուֆետում սուրճ չեն խմում, կհամարձակվեն հրապարակավ պահանջել, որ հայտարարության տեքստից դուրս բերվի, ասենք, «Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում» նախադասությունը։ Եթե նման բան տեղի ունենա՝ դա կլինի խորհրդարանական ընդդիմության քարոզչական հաղթանակը, որովհետև նրանք կասեն` «այ տեսա՞ք, թե ինչ հայրենասիրական դիրքորոշում ունենք մենք, բայց ի՞նչ կարող ենք անել, եթե ազգադավ իմքայլականները մերժեցին դա»։ Իսկ եթե նման բան տեղի չունենա, և հայտարարությունն ընդունվի առանց էական փոփոխությունների, այդ դեպքում քարոզչական առումով «հաղթած կլինեն» բոլորը։ Ընդդիմությունը կասի` «տեսա՞ք ոնց դարձի բերեցինք կապիտուլյանտներին ու ստիպեցինք շարժվել մեր օրակարգով», իմքայլականները կասեն` «տեսա՞ք, որ մենք ոչ թե կապիտուլյանտներ ենք, այլ հայրենասերներ», Նիկոլ Փաշինյանն էլ այդ անսպասելի «հայրենասիրությունը» իրեն կվերագրի, իսկ անհրաժեշտության դեպքում բանակցությունների սեղանի շուրջ կհայտարարի, թե ցանկության դեպքում անգամ չի կարող նոր փաստաթուղթ ստորագրել, որովհետև Հայաստանի խորհրդարանն ահա այդպիսի դիրքորոշում է հայտնել։ 

Մի խոսքով՝ եթե Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի այս «համագործակցությունը» կայանա, կստացվի, որ Նիկոլ Փաշինյանը սկզբում մերժեց առաջին նախագահի՝ ծանր որոշումներ կայացնելու և նրա՝ այդ հարցում իր հետ պատասխանատվությունը կիսելու առաջարկը, իսկ հետո ընդունեց խորհրդարանական ընդդիմության՝ ոչ մի որոշում էլ չընդունելու և ամեն ինչ բախտի քմահաճույքին թողնելու առաջարկը։ Եթե, իհարկե, խորհրդարանի ընդունելիք հայտարարությունն ընկալենք որպես լուրջ փաստաթուղթ։ 

Իսկ եթե դա ընդամենը ներքաղաքական օգտագործման քարոզչական ակցիա է, ապա շոուն միանգամայն արդարացված է։ Այլ հարց է՝ Հայաստանն այդպիսի շոուների ժամանակ ունի՞, թե՞ ոչ։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   458 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ