Հունիսի 4-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, վերացրել է Վատիկանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումը։
«ՉԻ». Այս փաստի բազմաթիվ արձագանքներից մեկը ուշագրավ էր. օգտատերերից մեկը գրել էր, որ հենց նախկին ռեժիմի որևէ բարձրաստիճան և կոռումպացված պաշտոնյա պատժվի, սալյուտ է խփելու:
Ենթադրում ենք, որ սալյուտ խփելու առիթ առաջիկա ժամանակներս չեն լինի: Դրա համար միանգամից մի քանի գործոն պետք է լինի. առաջին՝ պանդեմիայի թուլացումը, դատական իշխանության փոփոխությունը և իշխանությունների արթնացումը թավշե նիրհից:
Ընդ որում, դատարանի որոշումն առանձնապես ոչ մեկին չզարմացրեց: Արտառոց հիստերիա էլ չբարձրացավ: Մարդիկ արդեն սովոր են, որ դատարանները շարունակում են նախկիններին սպասարկել:
Ամենազավեշտալին նախկինների արձագանքն էր. թե բա՝ դատարանները անկախ են ու չենթարկվեցին իշխանությունների ճնշումներին: Սրանք այն նույն դատարաններն ու դատավորներն էին, որոնք հարյուրավոր քաղբանտարկյալների են ազատազրկել: Ահավոր անկախությունից դրդված:
Իսկ Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը բեկանել կամ չբեկանելը որևէ իմաստ չունի. մեկ է, մարդը արդեն իրեն ազատազրկել է պադվալախցում:
«Չորրորդ իշխանություն», թիվ 27, 2020