(սկիզբը՝ նախորդ համարում - մաս 1, մաս 2)
Խառնակ օրեր են, ծանր, արյունոտ: Պատերազմ է: Նորից պատերազմ է: 90-ականներից տարբեր է: Բայց կարծում ենք՝ պետք է անդրադառնալ նախորդ պատերազմի շրջանին: Օգտակար է:
Չենք խոսի ռազմական կողմի մասին: Դա կանեն և անում են ռազմական գործի մասնագետները: Եվ այսպես.
1. Անկախ Հայաստանի ստացած ժառանգությունը
Կարճ. խորհրդային երկրի տնտեսությունն այլևս չկար: Չկար հետխորհրդային ողջ տարածքում: 88-ի երկրաշարժից ավերված հյուսիսն իսկապես աղետի գոտի էր: Բանակ չունեինք: 90-ին ձևավորվեց նոր իշխանություն, որի անդամների մեծ մասը կառավարման փորձ չուներ: Իսկ անկախ պետությունը անցնում էր նոր տնտեսակարգի: 89-ին խորհրդային իշխանությունը փակել էր ատոմակայանը: Էներգետիկ ճգնաժամն անխուսափելի էր: Ադրբեջանի հետ սահմանը փակ էր, որովհետև սկսվել էին զինված բախումներ: Հայաստանը փաստացի շրջափակման մեջ էր:
91-ից լայնածավալ պատերազմ էր: Իսկ երկրի ներսում ձևավորվում էին կուսակցություններ, ստեղծվում էր քաղաքական նոր համակարգ: Պետություն էր ստեղծվում: Ժողովրդավարական արժեքներին էլ էինք նոր սովորում: Սովորում էինք, բայց ունեինք միակուսակցական, տոտալիտար համակարգի փորձ և հոգեբանություն: Ահա այս պայմաններում նոր, տակավին անփորձ իշխանության առջև ծառացել էին խնդիրներ, որոնք պահանջում էին անհապաղ և ոչ ստանդարտ լուծումներ:
2. Ռազմական գործողություններ և բանակցություններ
Անհրաժեշտ էր կապեր հաստատել արտաքին աշխարհում, իսկ նախկին միության անդամների հետ ստեղծել նոր հարաբերություններ: Ռուսաստանն իր խնդիրներն ու թեժ գոտիներն ուներ (օրինակ՝ Չեչնիա): Վրաստանում քաղաքացիական պատերազմ էր: Հայաստանը չուներ դիվանագիտական սեփական կորպուս: Սակայն անխոնջ աշխատանքի շնորհիվ խնդիրները լուծվում էին: Հասարակությունը հաճախ տեղյակ էլ չէր, թե ինչ գնով ու ջանքով էին դրանք լուծվում:
Ռազմական գործողություններին զուգահեռ մեր պետության իշխանությունը բանակցում էր թշնամու ներկայացուցիչների հետ: Իհարկե, կային միջնորդներ: Գլխավոր դերն ստանձնել էր Ռուսաստանը, որը բնավ չէր ուզում հարաբերություններ փչացնել ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի հետ: Մեզ հաջողվեց հարաբերություններ հաստատել իսլամական Իրանի հետ, հաջողվեց դրացիական կապ պահպանել Վրաստանի հետ:
Ֆանտաստիկ է հնչում, բայց մեզ հաջողվել էր Թուրքիայի տարածքով հաց բերել Հայաստան: Իսկ ՀՀ նախագահի խորհրդականը 94-ին հանդիպել էր Աֆղանստանի վարչապետ Գյուլբեդին Հեքմաթիարի հետ: Հանդիպումն արդյունավետ էր: 1500 մոջահեդներն Ադրբեջան չէին եկել: Պատերազմի նոր բռնկման վտանգը կանխվել էր:
Այս ամենը, սակայն, հանրության ուշադրությունից դուրս էր:
(շարունակելի)
Զարուհի Գաբրիելյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 31, 2020