Հիշեցնենք՝ նախորդ հոդվածում խոսել ենք 90-ականների պատերազմի «թաքնված» կողմի մասին: Շարունակենք:
Քաղաքական համակարգ, կուսակցություններ
Ինչպես գիտենք, Խորհրդային Հայաստանը չուներ ինքնուրույն քաղաքական համակարգ: Բայց կային ձևական կառույցներ, որոնք անկախության առաջին տարիներին վերածվեցին իրական մարմինների: Օրինակ՝ Գերագույն խորհուրդը, ոստիկանությունը, կառավարությունը: Հայաստանն ընտրեց իր նախագահին: Այս ինստիտուտները փաստորեն նոր էին կայանում անկախ պետականության պայմաններում: Բնական էր, որ պետք է ձևավորվեին և կայանային քաղաքական կուսակցությունները: Նշենք, որ հայերս այդպիսիք ունեցել ենք մինչև պետականության վերականգնումը: Սակայն մեր ավանդական կուսակցությունները երկար տարիներ գործել էին հայրենիքից դուրս և ձեռք բերել Սփյուռքին բնորոշ հատկանիշներ: Այսինքն՝ նրանց գաղափարախոսությունը հիմնականում արտահայտում էր հայապահպանության խնդիրը Սփյուռքի տարբեր գաղութներում: Ավանդական կուսակցությունների գործունեության անկյունաքարը, իհարկե, Ցեղասպանության ճանաչումն էր: Սա իր հետ բերում էր նաև պահանջատիրության գաղափարը: Ուստի բնավ տարօրինակ չէր, որ նրանց գործունեության այս տրամաբանությունը տեղափոխվեց Հայաստան: Նշենք, որ նորանկախ երկիրը հրատապ բազմաթիվ այլ խնդիրներ ուներ: Հիշեցնենք, որ պատերազմ էր:
Մինչև անկախությունը Հայաստանում միակուսակցական համակարգ էր: Սակայն 80-ականներին այն արդեն փտած էր, քայքայվում էր: 88-ին ծնվեց Ղարաբաղ կոմիտեն, ստեղծվեցին նրա բջիջներն ամբողջ հանրապետության տարածքում: Հայաստանում հաստատվում էր փաստացի երկիշխանություն: Սաղմնավորվում և քաղաքական ասպարեզ էին մտնում հայաստանյան կուսակցությունները, որոնց գաղափարախոսություններն իրարից շատ չէին տարբերվում: Հիմնական գաղափարը գալիս էր դեռ Խորհրդային Միությունից, այն ժամանակվանից, երբ մեզ համար էլ կարևորագույն խնդիրը ազգային ինքնության պահպանումն էր, հայկական Արցախի փրկությունը: Եվ եթե հայաստանյան խոշորագույն կուսակցության՝ իշխանության եկած ՀՀՇ-ի առջև անմիջապես դրվեցին քաղաքական և տնտեսական բարդագույն խնդիրներ, մյուսները, այդ թվում՝ ավանդականները մեծ մասամբ ստանձնեցին ընդդիմության դերը: Եվ ահա պատերազմի ամենաթեժ օրերին Ազատության հրապարակում ցույցեր էին անում՝ պահանջելով իշխանության հրաժարականը: Կրկնենք՝ պատերազմի ամենաթեժ օրերին... Ինքներդ դատեք, թե որքանով էր այս երևույթը բարոյական: Ռազմի դաշտում ցանկացած անհաջողության մեղավորն իշխանությունն էր, իսկ հաջողության տերը՝ իրենք: Այս կուսակցություններն առաջնորդվում էին մեկ նպատակով՝ իշխանության գալ Հայաստանում: Եվ, ցավոք, նպատակն արդարացնում էր միջոցները:
(շարունակելի)
Զարուհի Գաբրիելյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 31, 2020