...

Մի քանի դիտարկում պատերազմական իրավիճակում - 5

Մի քանի դիտարկում պատերազմական իրավիճակում - 5

(Սկիզբը՝ նախորդ համարներում - մաս 1, մաս 2, մաս 3, մաս 4)

(վերջաբան)

Հիշեցնենք. 90-ականների սկզբին նորանկախ Հայաստանում ձևավորվում էր քաղաքական համակարգը, «բացահայտվում» էին ավանդական կուսակցությունները, ստեղծվում էին նորերը: Հասարակությանը ներկայացվում էին նրանց գաղափարները: Բնականաբար այդ գաղափարները հիմնականում կապված էին ազգային ճակատագրի հետ: Հիշեցնենք նաև, որ պատերազմ էր: 

Արցախյան պատերազմը, անշուշտ, ազգային-ազատագրական էր: Ազգային ոգին բարձր էր, բոլոր նորմալ մարդկանց միտքը, ջանքը, ուժն ու եռանդը նվիրված էին հաղթանակին: Բայց...

Երևանում, այո՛, հատկապես Երևանում ձևավորվել էր մի խավ, որի ներկայացուցիչներն զբաղված էին միայն ու միայն իշխանությանը քննադատելով: Այդ խավն առատորեն սնվում էր այն ժամանակվա կուսակցական մամուլի հրապարակումներով, որոնք փաստական նյութեր չէին պարունակում, ունեին կասկածելի, բայց հայ քաղքենու ականջին հաճո փաստարկներ: Վերլուծություն ասվածը հաճախ ունենում էր ուղղորդված, անձնական բնույթ: Հիմնական թիրախները երեքն էին՝ ՀՀ նախագահը՝ Գերագույն գլխավոր հրամանատարը, Պաշտպանության և Ներքին գործերի նախարարները: Անուններ չենք գրում՝ կարծելով, որ բոլորի համար պարզ է: Ասենք նաև, որ հենց այս մարդկանց ուսերին էր դրված պատերազմի և երկրի կայացման ամենածանր բեռը: Այս մարդկանց ներկայացվող մեղադրանքները բազմաբնույթ էին, աբսուրդային: Այսպես, նրանց մեղադրում էին, որ պայթեցնում են Վրաստանից Հայաստան մտնող գազամուղը՝ հայերիս վրա մոմ ծախելու նպատակով, իսկ էլեկտրաէներգիան հողանցում էին, որ ժողովուրդը վատ ապրի: Հողերը ծախելու, մազութը լափելու մասին էլ չենք խոսում: Սակայն ամենամեծ աբսուրդն այն էր, որ այս տխմարություններն ակտիվորեն քննարկվում էին, ունեին սպառողներ: Այն էլ ինչպիսի՜ սպառողներ: Գրագետ, ինտելիգենտ, ուսումնական... Ի՞նչ նպատակ էին հետապնդում պատերազմի ժամանակ իշխանություններին այսպես քննադատողները:  Նպատակը մեկը չէր: 

1. Նախ և առաջ կատարում էին տեղական կուսակցությունների մերձքաղաքական խմբակների պատվերը, որոնց առաջնորդիկների միակ նպատակը իշխանության հասնելն էր: 

2. Դրսի ուժերը խիստ շահագրգռված էին Հայաստանը թուլացնելու գործում, ուստի առատ ֆինանսավորում էին ընդդիմադիր մամուլը: Հայաստանի անկախությունն ու մարտունակությունը շատերին հանգիստ չէր տալիս:

Հանրապետության իշխանությունը, սակայն, մեծ մասամբ զուսպ և հանդարտ շարունակում էր իր գործը: 
Հայաստանն ընտրել էր ժողովրդավարության ուղին և հարգում էր խոսքի ազատությունն անգամ պատերազմի ժամանակ: Ճի՞շտ էր սա, թե՞ սխալ, մինչև հիմա չգիտենք: Այնուամենայնիվ, պատերազմի ընթացքում ո՛չ ներսի, ո՛չ դրսի ուժերին չհաջողվեց երկրում քաոս ստեղծել, հրահրել քաղաքացիական բախումներ: 1994 թվականին կնքվեց զինադադար, որն ստորագրողներից էր նաև Արցախի ներկայացուցիչը: Սա հնարավորություն էր երկիրը զարգացնելու համար: Բայց...

Ինչի հասան մեր պրոպագանդիստները՝ տեսնում ենք նույնիսկ հիմա: Հիմա կրկին պատերազմ է: Իհարկե, վիճակը մի քիչ այլ է: Տեղեկություններ ունենալու հնարավորությունն ավելի մեծ է, պաշտոնական տվյալները հրապարակվում են հաճախակի և հավաստի են շատերի համար: Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ տուգանվում են այն լրատվամիջոցները, որոնք հրապարակում են կեղծիք պարունակող նյութեր: Սակայն մինչ օրս խնդիր ունենք առողջ բանականության հետ: Եվ սա վնասում է իրականությունն ընդունելուն, ճիշտ վերլուծություններ անելուն: Ավելին, 90-ականներից սկսված կեղծ ազգասիրական, իռացիոնալ մրցավազքը, որի առաջամարտիկները մեծ մասամբ բազմած են սեփական բազկաթոռներին, նորանոր բարձունքներ է նվաճում: Վերլուծաբաններն իրար հերթ չեն տալիս հանճարեղ դեղատոմսեր առաջարկելիս՝ չխորշելով անգամ ակնհայտ փաստերը շրջանցելուց: Իսկ լրջանալու պահը վաղուց էր...

Զարուհի Գաբրիելյան

Հ.Գ. Նշենք, որ անձերի դեմոնիզացիան կարող է ողբերգական հետևանքներ ունենալ հասարակության համար, քանի որ դրա հետ մեկտեղ արժեզրկվում, մերժվում են կենսականորեն կարևոր գաղափարներ:

«Չորրորդ իշխանություն», թիվ 32, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1041 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ